«Մաֆիային դատեք, ոչ թե մեզ». Թուրքիայի քրդամետ կուսակցությունն արձագանքել է իր նկատմամբ փակման նպատակով ներկայացված մեղադրական եզրակացությանը
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն արձագանքել է երկրի գլխավոր դատախազության կողմից կուսակցությունը փակելու նպատակով Սահմանադրական դատարան ուղարկված մեղադրական եզրակացությանը: Այս մասին գրում է Gazete Karınca պարբերականը:
«Մաֆիոզների դեմ լռություն պահպանողները հարձակվում են մեր կուսակցության վրա` իրենց իշխանությունն ընդլայնելու նպատակով»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:
Կուսակցությունը հայտարարությունը տեղադրել է իր թվիթերյան էջում՝ դրան կցելով «Դատե՛ք մաֆիային, ոչ թե ԺԴԿ-ին» հեշթեգով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայում ներքաղաքական աղմկահարույց սկանդալ է առաջացել: Անցյալ տարեսկզբին երկրից փախած թուրք մաֆիոզ Սեդաթ Փեքերը YouTube-ում հրապարակում է աղմկահարույց տեսանյութեր, որոնցում պատմում է քրեական աշխարհի հետ թուրքական էլիտայի կապերի մասին, ինչպես նաև մեղադրում է նախագահ Էրդողանի շրջապատի պաշտոնյաներին սպանությունների, թմրաշրջանառության, կոռուպցիայի և այլ հանցագործությունների համար:
Երեկ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը մեղադրական եզրակացություն է ուղարկել երկրի Սահմանադրական դատարան՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ փակման գործ հարուցելու համար: 850 էջանոց մեղադրական եզրակացության մեջ քաղաքական գործունեության արգելք է պահանջվել կուսակցության մոտ 500 անդամների համար: Մեղադրական եզրակացության մեջ պահանջվել է նաև, որ կուսակցության բանկային հաշվի նկատմամբ նախազգուշական միջոց կիրառվի: