ՀՀ-ն պետք է վերականգնվի գրեթե զրոյից, տնտեսության 80%–ից ավելին փլուզված է, մնացած 20%-ի վրա կարելի է կառուցել նորը․ վստահ ենք, որ մեր թիմն ամենաունակն է ՀՀ-ում․ Վահե Հակոբյանը՝ Գորիսում (տեսանյութ)
«Հայաստան» դաշինքն այսօր կանգնել է այս ճանապարհին, որ վերջ տա ստին, դավաճանությանը և զրպարտությանը։ Այս մասին Գորիսում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
«Սուտ, որի հերթական ապացույցը եղավ հենց այս տարածաշրջանում․ մի քանի կմ հեռավորության վրա այսօր թշնամու բանակն է կանգնած։ Երբ մենք դրա մասին առաջին անգամ բարձրաձայնեցինք, «ուսապարկերը», մեկը մյուսին հերթ չտալով, փորձում էին հերքել»,-ասաց նա՝ նշելով, թե սուտը շարունակվում է։
Վահե Հակոբյանն ընդգծեց՝ պատահական չեն քարոզարշավն սկսել Սյունիքից, քանի որ այն առաջինն էր, որ մերժեց ապիկարներին։
«Շատերդ դեկտեմբերի 17-ին, -16 աստիճանների պայմաններում համարյա մեկ օր մնացել եք դրսում՝ չթողնելով, որ դավաճանները ներխուժեն Սյունիք։ Մենք շատ աշխատանք ունենք անելու, այս երկիրը պետք է վերականգնվի գրեթե զրոյից, տնտեսությունը փլուզված է 80-ից ավել տոկոսով, մնացած 20 տոկոսի վրա կարելի է կառուցել նոր տնտեսություն»,-ասաց նա։
Անդրադառնալով Գորիսին՝ Վահե Հակոբյանը նշեց, որ պատերազմի պատճառով այդ քաղաքը զրկվեց տուրիզմից․ «Այսօր ո՞ր զբոսաշրջիկը կգա Գորիս, եթե թշնամին այստեղ կանգնած է։ Մենք այդ ամենը վերականգնելու ենք։ Աշխատանքներն ահռելի են լինելու, բայց առանց ձեզ ոչինչ չենք կարողանա անել։ Մենք վստահ ենք, որ այս թիմն ամենաունակն է ՀՀ-ում բոլոր ասպարեզներում»,-հայտարարեց Վահե Հակոբյանը։