130 մլն դոլար արժողությամբ պայմանագիր ՆԱՏՕ-ի հետ. Թուրքիան կստանձնի Քաբուլի միջազգային օդանավակայանի վերահսկողությունը
Թուրքիան համաձայնել է, սեպտեմբերին ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո, վերահսկողություն հաստատել Քաբուլի միջազգային օդանավակայանի վրա՝ ՆԱՏՕ-ի հետ կնքելով 130 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր, հայտնում է The National-ը։
Այս մասին հայտնի է դարձել Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանի ապագայի շուրջ անորոշության ֆոնին։ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի ուժերի՝ երկրից դուրս գալու վերջնաժամկետ է սահմանել սեպտեմբերի 11-ը։ Հայտնի է, որ այս տարիների ընթացքում Աֆղանստանն ի վիճակի չի եղել ինքնուրույն կառավարել այս ոլորտը։ Աֆղանստանի ավիացիոն աջակցության ասոցիացիայի ղեկավար Մահմուդ Շահ Հաբիբին կարծում է, որ, Թուրքիայի կողմից Քաբուլի օդանավակայանի պատասխանատվությունը ստանձնելու մասին լուրերը, որոշակիորեն կթուլացնեն առկա վախերը:
Մայիսի 21-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարություն է տարածել այն մասին, որ դաշինքը նախատեսում է շարունակել «Քաբուլի օդանավակայանի գործարկման» ֆինանսական աջակցությունը:
Հայտնի է, որ թուրքական զորքերը 2003 թվականից ի վեր տեղակայված են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ներքո, սակայն մարտական գործողությունների չեն մասնակցում: Չմերժելով «Թալիբան»-ի և կառավարության միջև Քաբուլում խաղաղ բանակցություններ վարելու վերաբերյալ Վաշինգտոնի խնդրանքը՝ Անկարան հակամարտության մեջ ավելի ակտիվ դիվանագիտական դեր է ստանձնել այս տարվա սկզբից։