Փաշինյանն, ըստ էության, բազմաթիվ խոստումներ է տվել Ալիևին և դրանք կատարելու համար պատրաստ է ամեն ինչի․ Թագուհի Թովմասյան
Կյանքը ցույց տվեց, որ հանրության թիկունքում եղան բավականին տհաճ և ազգակործան գործընթացներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նկատելով, որ նախկինում Նիկոլ Փաշինյանն այլ բան էր ասում։
«Ես, կարծեք թե, այդ փաստաթղթին եմ ծանոթացել, հուսամ, որ դա է ստորագրվելու, որտեղ մատնանշված է, որ, իմ տեղեկություններով, մինչև մայիսի 30 պետք է ձևավորվեն եռակողմ՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան պայմանավորվածությամբ աշխատանքային խմբեր, որոնք պետք է իրականացնեն սահմանազատման աշխատանքներ»,–ասաց նա։
Չնայած դրան, նա նշեց, որ «շան գլուխը» թաքնված է նրանում, թե ինչ սահմաններ են գծվելու և թե ինչ նախապայման կա ստորագրման համար։ «Եթե նրանք պետք է մնան մեր սահմանից ներս, և մենք ինչ–որ փաստաթուղթ ենք ստորագրում, նշանակում է՝ երկու քայլ հետ ենք գնում»,– ասաց նա։
Թագուհի Թովմասյանը նշեց, որ իր անհանգստությունը կապված է նրա հետ, թե ինչ խոստում է տրված մեր կողմից։ «Ես կարծում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարը, ԳՇ պետը ոչ միայն պետք է հեռանան իրենց պաշտոններից, ընդ որում օր առաջ պետք է հեռանան, այլ նրանք ընդհանրապես պետք է պատասխանատվության ենթարկվեն, իրենք պետք է կանգնեն դատարանի առաջ, նախ՝ մեր սահմանների այսօրվա անկազմակերպ, մեր պաշտպանության մակարդակի այսքան ցածր լինելու համար»,– ասաց նա՝ ավելացնելով, որ նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն հայ զինվորին այսքան նսեմացնելու և կրակել–չկրակել որոշում կայացնելու հնարավորությունից նրանց զրկելու համար։
Նա նշեց, թե անխախտ օրենք կա, որ եթե զինվորը տեսնում է սահմանախախտման դեպք, նա պետք է կիրառի հրազեն։ «Այս մարդը բազմաթիվ խոստումներ է, ըստ էության, տվել Ալիևին և այդ խոստումները հիմա իրականացնելու խնդիր է դրված իր առաջ և այդ խոստումները իրականացնելու համար նա պատրաստ է ամեն ինչի, պատրաստ է բոլորիս վրայով գնալ»,– ասաց նա նշելով, որ նկատի ունի Նիկոլ Փաշինյանին։
Նշենք, որ Կառավարության հերթական նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կա քննարկվող փաստաթուղթ։ «Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածությունները իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին, ոչ թե 99 տոկոսով, այլ 100 տոկոսով: Թուղթը չեմ հրապարակի, որովհետև աշխատանքային թուղթը հրապարակելը կոռեկտ չէ»,–ասել է նա։