Յենս Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ն չի ցանկանում նոր «սառը պատերազմ»
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, խոսելով գերմանական ամենամյա կրոնական համաժողովի առցանց քննարկման ժամանակ, ասել է, որ Դաշինքը պահպանում է Ռուսաստանի հետ երկխոսության պատրաստակամությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Սա Ռուսաստանի հանդեպ մեր երկկողմ մոտեցման հիմքն է: Զսպում, պաշտպանություն եւ երկխոսություն: Մենք Ռուսաստանին առաջարկում ենք երկխոսություն, բայց Ռուսաստանն, այնուամենայնիվ, ագրեսիվ է պահում իրեն»,- ասել է նա:
«ՆԱՏՕ-ն չի ցանկանում նոր «սառը պատերազմ» կամ սպառազինությունների մրցավազք, բայց մենք չենք կարող ընդունել, երբ միջազգային իրավունքն է խախտվում»,- ասել է Սթոլթենբերգը: Նրա խոսքով՝ հենց դրա համար անհրաժեշտ է «պահպանել տնտեսական պատժամիջոցներն ու ճնշումը» Մոսկվայի վրա, բայց միեւնույն ժամանակ պատրաստ լինել բանակցությունների: