Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու պաշտպանների միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժվեց։
Նշենք, որ Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Tert.am-ը Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ հիմքով է միջնորդությունը մերժվել, սակայն պաշտպանը նշեց, որ դատավորի որոշումը դեռ չի տրամադրվել:
«Չի կարող իրականության մեջ որևէ հիմք լինել, որ հնարավորություն կտա խափանման միջոց կիրառել ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ՝ այս գործում նման փաստաիրավական իրավիճակում: Բոլոր միջոցներով հասնելու ենք նախագահի իրավունքների վերականգմանը»,- նշեց Մակինյանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին և Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար)։