Հնդկաստանում դիմել են ռազմական պաշտոնաթող բժիշկներին՝ օգնելու «Քովիդ-19»-ի դեմ պայքարում գերծանրաբեռնված բուժաշխատողներին
Հնդկաստանում ստիպված են դիմել հարյուրավոր պաշտոնաթող ռազմական բժիշկների օգնությանն առողջապահության գերծանրաբեռնված համակարգի աշխատանքը թեթևացնելու համար:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, նման որոշում է կայացվել կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշների շարունակական աճի ֆոնին:
Նախատեսվում է, որ շուրջ 400 բուժաշխատակից կմիանա երկրում հիվանդության դեմ պայքարին 11-ամսյա պայամանգիր կնքելով:
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման ցուցանիշները նոր հակառեկորդներ են գրանցում երկու կամ երեք օրը մեկ: Կիրակի արձանագրված մահացության մեկօրյա ցուցանիշը երկրորդ օրն անընդմեջ գերազանցել է 4000-ը:
Մի շարք նահանգներում խիստ «լոքդաուն» է սահմանվել, սակայն շատերը երկրի վարչապետ Նարդենդրա Մոդիին կոչ են անում համազգային կարանտին սահմանել:
Վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 403 738 դեպք, մահվան՝ 4092: Ընդհանուր առմամբ, մահացության ցուցանիշն ասիական երկրում հասել է 242 362-ի, վարակման ցուցանիշը՝ 22.3 մլն-ի: