«Ես և Պուտինը շատ նման ենք․ ես դա երբեք չեմ հերքել»․ Բոլսոնարու
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ իր երկիրը չափազանց հետաքրքրված է Ռուսաստանով, և ինքն էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ նմանություններ ունի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Չորեքշաբթի Ռիո դե Ժանեյրոյի օդանավակայանում լրագրողների հետ շփվելիս Բոլսոնարուն վերստին շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ երկու տարի առաջ ՌԴ-ում ձերբակալված բրազիլացի Ռոբսոն Օլիվեյրային ազատ արձակելու համար, որին Բրազիլիայի առաջնորդը դիմավորել է օդանավակայանում:
«Ես և Պուտինը շատ նման ենք։ Ես երբեք դա չեմ հերքել։ Մեր երկիրը չափազանց հետաքրքրված է Ռուսաստանով»,- ասել է Բոլսոնարուն՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռոբսոնի ազատ արձակումը կարող է ավելի մերձեցնել ՌԴ-ին և Բրազիլիային։
Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդոյի վարորդ Օլիվեյրան կալանավորվել և 2019 թվականին քննչական մեկուսարանում է հայտնվել Ռուսաստանում արգելված դեղամիջոց՝ մեթադոնի հիդրոքլորիդ տեղափոխելու փորձի ժամանակ։ Ինչպես նա էր պնդում, դեղը նախատեսված էր ֆուտբոլիստի աներոջ համար։ Թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով Ռոբսոնին սպառնում էր մինչև 20 տարվա ազատազրկում։
Անցյալ տարվա հոկտեմբերին Բոլսոնարուն հայտարարել էր, որ ցանկանում է անձամբ Պուտինի հետ քննարկել բրազիլացուն ազատ արձակելու հնարավորությունը։ Նրա կարծիքով՝ Օլիվեյրան «գործել է լավ մտադրությամբ և նույնիսկ չի պատկերացրել», որ դեղը, որը Բրազիլիայում կարելի է դեղատնից ձեռք բերել, Ռուսաստանում համարվում է թմրանյութ: