Հարաբերությունները վերականգնելու փորձերի ֆոնին Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզի հետ՝ քննարկելու երկու երկրների հարաբերությունները, հայտնում է Ahval թերթը և հավելում, որ 2018 թվականին Ստամբուլում սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո Թուրքիան ձգտում է բարելավել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ։
Էրդողանը քննադատել է Էր Ռիադին՝ Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի գլխավոր մրցակից Հունաստանի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու համար: Թուրք պաշտոնյաները, իրենց հերթին, քննադատել են Սաուդյան Արաբիայի մասնակցությունը փետրվարին Աթենքում կայացած ֆորումին, որին մասնակցել են Ֆրանսիայի, Հունաստանի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի պաշտպանության նախարարները:
Թերթը հիշեցրել է, որ 2020 թվականի հոկտեմբերին Սաուդյան Արաբիայում սկսվել էր արշավ, որի շրջանակում բոյկոտ էր հայտարարվել թուրքական արտադրության ապրանքների նկատմամբ։ Բացի այդ, անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ փակելու է ևս 8 թուրքական դպրոց, որոնք անմիջական կապ ունեն Թուրքիայի կրթական մարմնի հետ։