Մի քանի օր անց «կծնվի» նոր Ջուս
Operativ.am-ը այսօր զրուցեց երգչուհի Ջուսի հետ, ով իր նոր երգի՝ GO-ի հիման վրա նկարահանել է տեսահոլովակ, այն ամբողջությամբ պատրաստ է, սակայն պրեմիերան կլինի հունվարի վերջին: Երգչուհու խոսքով՝ այդ տեսահոլովակի նման տեսահոլովակ դեռևս չի եղել ոչ միայն Հայաստանում, այլև Ջուսի ստեղծագործական կյանքում. այն 1930-40 թվականների ոճի մեջ է, այդ ժամանակներին համահունչ տեսահոլովակ է, որտեղ չկա ոչ մի բաց և անկեղծ տեսարան, ուստի ամբողջովին ուրիշ Ջուս է բացահայտվելու այդ երգի միջոցով:
«Ես սիրում եմ լինել սկանդալային խոսակցությունների կիզակետում, ուստի չեմ նեղսրտում, երբ իմ ոճը քննադատում են, եթե խոսում են, ուրեմն արտիստը հետաքրքքիր է, երբ կվերջացնեն խոսելը, այդ ժամանակ պետք է մտածել՝ ինչ անել, որ նորից խոսեն»,-նշեց Ջjուսը:
Խոսելով հայաստանյան և ռուսական շոու-բիզնեսների մասին՝ Ջjուսը փաստեց, որ իհարկե Հայաստանում այնպիսի գումար չես վաստակում, ինչ Մոսկվայում, բայց այնտեղ էլ պետք է միլիոններ ներդնել, որ միշտ լինես մեգաաստղ:
Երգչուհու խոսքով՝ այստեղ չկա շոու-բիզնես. գործում է խծբ-ն, երաժշտական տասնյակններն ու թոփերն էլ կեղծ են, որոնց ինքը ուշադրություն չի դարձնում:
Երգչուհին նաև անդրադարձավ Եվրատեսիլում Սիրուշոյի մասնակցության շրջանառվող լուրերին և նշեց, որ «Պռեգոմեշ»-ը չի կարող մասնակցել Եվրատեսիլին, քանի որ կան օրենքներ, որոնց համաձայն, երգը նախապես չպիտի հնչի ոչ մի տեղ: Ինչ վերաբերում է այլ երգի, ապա Սիրուշոն միանշանակ կարող է լավ ներկայանալ:
Այն հարցին, թե Ջուսը ցանկություն չունի՞ մասնակցելու մրցույթին, վերջինս նշեց, որ կմասնակցի իրեն հրավիրելու դեպքում, հակառակ պարագայում ինքը հայտ չի ներկայացնի: Նրա խոսքով՝ Եվրատեսիլը ոչ այնքան երաժշտական մրցույթ է, որքան՝քաղաքական: Եռյակում կամ հնգյակում հայտնվելու համար պետք է ոչ միայն լավ երգ ու շոու-ծրագիր, այլև լավ մշակված փիար ունենալ, անհրաժեշտ է շատ գումարներ ներդնել և ամիսներ շարունակ շրջագայել Եվրոպայով մեկ:
Ջուսը նշեց, որ լավ կլինի, եթե Եվրատեսիլին «Դորիանս» խումբը ներկայանա, նա հավանական համարեց նաև Սիրուշոյի կամ Լիլիթ Հովհաննիսյանի մասնակցությունը: