Սերժ Սարգսյանը կանի ամեն ինչ, որ Քոչարյանի ուժի հետ գոնե հավասար դիրքերում լինեն. քաղաքագետ
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերի հիմնական խաղացողների պատկերը արդեն ձեւավորված է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը:
«Մասնավորապես, դրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ վարչապետի գլխավորությամբ, երկրորդ նախագահի կողմից ղեկավարվող Քոչարյան դաշինքը, ԲՀԿ-ն եւ պայմանական «Հայրենիք» դաշինքը: Մնացածը՝ օրինակ, «Լուսավոր Հայաստան», Հայ ազգային բեւեռ, Հանուն Հանրապետության եւ այլն, այլ խնդիրներ են փորձում լուծել:
Չնայած՝ այս ընտրությունները դե յուրե խորհրդարանական ընտրություններ են, բայց կոնկրետ երկու ուժի համար՝ վարչապետի ու երկրորդ նախագահի կողմից ղեկավարվող, դրանք վարչապետի ընտրություններ են, այսինքն մարդիկ քվեարկելու են ոչ թե կուսակցությունների օգտին, այլ նրա օգտին, որ այդ մարդիկ դառնան վարչապետ»,- ասաց քաղաքագետը:
Ըստ քաղաքագետի` երկրորդ հարթության վրա են գտնվում ԲՀԿ-ն եւ «Հայրենիք» դաշինքը: «ԲՀԿ-ի հիմնական խնդիրն է պահպանել այնքան տեղ, որքան ունի կամ, եթե կարելի է, ավելացնել, որովհետեւ հասկանալի է՝ փոքր է հավանականությունը, որ ԲՀԿ առաջնորդը կարող է դառնալ Հայաստանի վարչապետ, չնայած որ ԲՀԿ-ին ձայն տվողը նորից ձայն է տալու Գագիկ Ծառուկյանին: Մինչեւ դաշինքի ձեւավորումը, Արթուր Վանեցյանի կողմից ղեկավարվող «Հայրենիք» կուսակցության՝ խորհրդարան անցնելը հստակ չէր, հնարավոր է՝ շեմը չանցներ, իսկ ՀՀԿ-ի հետ դաշինք կնքելով «Հայրենիք» դաշինքը խորհրդարան անցնելու է, եւ ես ենթադրում եմ, որ երրորդ նախագահը կանի ամեն ինչ, որպեսզի դաշինքը ոչ միայն խորհրդարան անցնի, այլեւ մաքսիմալ տեղեր կարողանա զբաղեցնել, գոնե Քոչարյան դաշինքի հետ հավասար դիրքերում լինի: «Հայրենիք» լիդերային կուսակցությանը միացել է մեդիա, ֆինանսական եւ ընտրական փորձի ռեսուրսներ ունեցող ՀՀԿ-ն, ինչի շնորհիվ «Հայրենիք» դաշինքը խրհրդարանում կարող է նկատելի տեղ ունենալ: Այս դաշինքին քվեարկելու են նրանք, ովքեր քվեարկեւմ են Արթուր Վանեցյան անձին եւ Հանրապետական կուսակցությանը: Կուսակցություններն ունեն միանման ընտրազանգված, բայց ամեն դեպքում դաշինքի ձեւավորումից հետո Հայրենիքից ինչ-որ ընտրազանգված եւ ՀՀԿ-ից փոքր ընտրազանգված կարող է երես թեքել, բայց ընդհանուր առմամբ նրանք շահում են եւ կլինեն խորհրդարանում, եթե արդյունավետ քարոզարշավ անցկացնեն: Հակառակ դեպքում ոչ մի ուժ էլ չի հայտնվի»,- ասաց Բադալյանը:
Քաղաքագետը հավելեց, որ ԼՀԿ-ի նպատակն է լինելու պահպանել այն տեղերը, որ ունեն խորհրդարանում, եւ քիչ է հավանական, որ կկարողանան ավելացնել, հնարավոր է՝ ընդհանրապես չանցնեն. «Մնացած մարդ-կուսակցությունների նպատակն է լինելու կա՛մ տեղեկացնել իրենց գոյության մասին, կա՛մ հրաշքով հայտնվել խորհրդարանում»: