Չի լինելու վեթինգ, որի հետևանքով երկիրը մնալու է առանց դատական համակարգի, իսկ բանտերը լցված են լինելու. Վ.Վարդանյան
Ասել, որ դատական համակարգում ոչ մի փոփոխություն չի արվել, սխալ է. այն մարդկանց սպասելիքները, որ ՀՀ-ում ալբանական կամ որեւէ այլ երկրի օրինակով իրականացվելու է վեթինք, որի հետեւանքով երկիրը մնալու է առանց դատական համակարգի, բանտերը լցված են լինելու մարդկանցով, որոնք տարիներով սպասելու են դատավճռի, ապա դա չի լինելու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով, ճիշտ որոշում էր դրան չգնալը, որը թույլ տվեց իրավական ընթացակարգերի շրջանակներում խստորեն պահպանել սահմանադրական պահանջները:
Հարցին, թե այդ դեպքում ինչու վեթինգի խոստում տրվեց, Վարդանյանն արձագանքեց. «Վեթինգ արվում է, բայց դա պետք է արվի ոչ թե մեկանգամյա, այլ պետք է իրականացվի այն հիմունքներով, որ որեւէ մեկը պատահաբար չհայտնվի կամ չմնա դատական համակարգում: Այո, դատավորը, որը քաղաքական պետվեր է իրականացնում, վճիռ է կայացնում ելնելով անձնական շահագրգռվածությունից, այդ մարդը պետք է համակարգից դուրս մղվի: Դրա համար կան համապատասխան ընթացակարգեր, որոնք առավել արդյունավետ սկսում են կիրառվել»: