«Մենք շարունակելու ենք թափանցիկ և անկողմնակալ լինել, ինչպես արել ենք դա 1936 թվականից ի վեր»․ Չավուշօղլուն անդրադարձել է Մոնտրյոյի կոնվենցիային
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան շարունակելու է հավատարիմ մնալ Մոնտրյոյի կոնվենցիային, հայտնում է Ahval-ը։
«Մենք շարունակելու ենք թափանցիկ և անկողմնակալ լինել, ինչպես արել ենք դա 1936 թվականից ի վեր», - ասել է Չավուշօղլուն։
Մոնտրյոյի համաձայնագրի շուրջ շահարկումները սկսվել են անցյալ ամիս, այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունը որոշում է կայացրել դուրս գալ Ստամբուլի կոնվենցիայից։ Պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե արդյո՞ք կարող է Թուրքիան դուրս գալ նմանատիպ այլ համաձայնագրերից ևս՝ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մոըստաֆա Շենթոփն ասել է, որ Էրդողանը տեխնիկապես նման հնարավորություն ունի, սակայն տարբերություն կա «հնարավոր» և «հավանական» արտահայտությունների միջև։
Հիշեցնենք, որ խորհրդարանի խոսնակի նման արտահատությունը շահարկումների առիթ էր դարձել, որի հետևանքով 103 պաշտոնաթող ծովակալ համաձայնագրից դուրս գալու դեմ բաց նամակ էին ուղղել կառավարությանը։
Այս հարցի քննարկումն ակտիվացել է նաև «Ստամբուլ ջրանցք»-ի կառուցման նախագծի շնորհիվ։ Չավուշօղլուն նշել է, որ Սև ծովն անցյալ դարում երբեք ներգրավված չի եղել առճակատման մեջ և այդ հավասարակշռությունը հաստատվել է Մոնտրյոյի համաձայնագրով։
«Այնուամենայնիվ, կոնվենցիան ինքնին բավարար չէ կայունությունը պահպանելու համար, քանի որ պետք է խուսափել սադրանքներից, և կողմերը պետք է քրտնաջան աշխատանք տանեն՝ համոզվելու, որ դիվանագիտությունն ու երկխոսությունը գերակշռում են», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Հիշեցնենք նաև՝ Մոնտրյոյի կոնվենցիան բոլոր երկրների առևտրանավերին վերապահում է ազատ անցում նեղուցներով թե՛ խաղաղ, և թե՛ ռազմական ժամանակաշրջանում։ Սակայն ռազմանավերի անցման ռեժիմը սևծովյան և ոչ սևծովյան պետությունների վերաբերմամբ տարբեր է։ Սևծովյան տերությունները խաղաղ ժամանակ կարող են նեղուցներով անցկացնել իրենց ցանկացած կարգի ռազմանավերը՝ պայմանով, որ նախապես Թուրքիայի իշխանություններին կծանուցեն այդ մասին։ Այնինչ ոչ սևծովյան տերությունների ռազմանավերի համար մտցված են էական սահմանափակումներ թե՛ կարգի (դասի), թե՛ տոննաժի (ջրատարողության) առումով։