Դատախազությունը բողոքարկել է Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յ.Խաչատուրովի ու Ա. Գևորգյանի նկատմամբ ՔՕ 300.1-ով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը
Դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1»-ի արդեն դադարեցված գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալման հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը:
Այս մասին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը»,-ասաց Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը ՔՕ 300.1-ը ճանաչել էր հակասահմանադրական, ինչից հետո առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ նրանց նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցրել էր և արդարացրել նրանց:
Դատախազությունը միջնորդել էր կասեցնել գործի վարույթը, դիմել էր ՍԴ այլ հոդվածի սահմանադրականության հարցով:
Գլխավոր դատախազության դիմումով վիճարկվում է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 309․1-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված` Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխանությունն «այնքանով, որքանով դրանք, անձին մեղսագրվող կոնկրետ արարքի իրավաբանական որակման առնչությամբ վարույթը բացառող հանգամանք ի հայտ գալուց անմիջապես հետո, դատախազի (մեղադրողի) համար առաջացնում են մեղադրանքից հրաժարվելու, իսկ դատարանի համար՝ քրեական հետապնդումը դադարեցնելու պարտականություն»: