«Կրեմլը հույս ունի ժամանակի ընթացքում համոզել Թուրքիային փոխել Ղրիմի հարցում սխալ դիրքորոշումը». Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը հույս ունի ժամանակի ընթացքում համոզել Թուրքիային փոխել Ղրիմի հարցում սխալ դիրքորոշումը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ի Ղրիմի ծառայությունը:
«Ղրիմի վերաբերյալ նրանց հայտարարությունը պատկանում է այն հարցերի կատեգորիային, որոնց շուրջ մենք դեռ լուրջ տարաձայնություններ ունենք: Այս տարաձայնությունները դժվար թե կարողանան լուծվել ուկրաինական կողմի հետ: Բայց մենք հուսով ենք, որ մեր հետևողական գիծը դեռ թույլ կտա մեզ համոզել մեր թուրք գործընկերներին, որ իրենց ներկայիս դիրքորոշումը միանգամայն ճիշտ չէ, ավելի ճիշտ՝ ամբողջովին սխալ է Ղրիմի նկատմամբ», - ասել է Պեսկովը:
Հիշեցնենք՝ ապրիլի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել էր Անկարա՝ հանդիպելու իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկրների ղեկավարները քննարկել են տարբեր թեմաներ, այդ թվում՝ «Ղրիմի պատկանելության» հարցը: Էրդողանը հայտարարել է, որ ինքը հանդես է գալիս «Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին»:
Բացի այդ, Էրդողանն աջակցություն է հայտնել «Ղրիմի հարթակ» միջազգային հարթակին: Թուրքիայի առաջնորդը հայտարարել է, որ Անկարան հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության օգտին, իսկ նրա «սկզբունքային դիրքորոշումը՝ Ղրիմի բռնակցումը չճանաչելն է»: Նա նաև հավելել է, որ «Ղրիմի հարթակը» նախատեսված է ուկրաինական հողերը «միավորելու» համար:
Նշենք՝ 2014 թվականի մարտի 16-ին անցկացված հանրաքվեից հետո Ղրիմը դարձել է Ռուսաստանի մարզ: Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում ընտրողների 96,77%-ը, իսկ Սևաստոպոլում ընտրողների՝ 95,6%-ը կողմ են քվեարկել թերակղզին Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ ներառելուն: 2014-ի մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագիր էր ստորագրել երկրում Ղրիմի Հանրապետության և դաշնային նշանակության Սևաստոպոլ քաղաքի նոր սուբյեկտների ձևավորման մասին:
Ուկրաինան, ԱՄՆ-ն և Եվրամիությունը չեն ճանաչել թերակղզու ռուսական կարգավիճակը և տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Առևտրային և նյութատեխնիկական սահմանափակումներ են մտցվել նաև Ղրիմի և մի շարք ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ: