ԱՄՀ. Պարսից ծոցի երկրների մեծ մասի տնտեսություններն ավելի արագ տեմպերով կվերականգնվեն
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ այս տարի Պարսից ծոցի երկրների մեծ մասի տնտեսություններն ավելի արագ տեմպերով կվերականգնվեն, քան կանխատեսվում էր: ԱՄՀ-ն 2021 թվականի գլոբալ աճի կանխատեսումը մոտ երեք ամիս առաջ արված 5.5 տոկոսից բարձրացրել է մինչեւ 6 տոկոս:
Այս տարի տարածաշրջանի ամենամեծ՝ Սաուդյան Արաբիայի տնտեսությանը 2.9 տոկոս աճ է սպասում՝ հունվարին կանխատեսված 2.6 տոկոսի փոխարեն, ասված է ԱՄՀ-ի կողմից հրապարակված «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցում:
Թագավորության տնտեսությունը նախորդ տարի կրճատվել էր 4.1 տոկոսով կրկնակի ցնցման՝ COVID-19 համավարակի եւ նավթի ցածր գների պատճառով:
Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ Պարսից ծոցի երկրորդ ամենամեծ տնտեսությունն այս տարի կաճի 3.1 տոկոսով՝ 2020-ին 5.9 տոկոս անկումից հետո: Նախորդ տարվա հոկտեմբերին կանխատեսվում էր, որ 2020-ին այն կնվազի 6.6 տոկոսովով, իսկ այս տարի՝ 1.3 տոկոսով:
Օմանում ամենազգալի դրական վերանայումն է տեղի ունեցել՝ այս տարվա 0.5 տոկոս անկման ակնկալիքներից մինչեւ 1.8 տոկոս աճի կանխատեսումներ:
Ակնկալվում է, որ այս տարի Բահրեյնի տնտեսությունը կաճի 3.3 տոկոսով՝ հոկտեմբերին կանխատեսված 2.3 տոկոսի համեմատ: Քուվեյթի եւ Կատարի համար կանխատեսումները հիմնականում անփոփոխ են մնացել, եւ այս տարի Քուվեյթը 0.7 տոկոս աճ էր սպասում՝ հոկտեմբերին գրանցված 0.6 տոկոսի փոխարեն: Կատարի էկոնոմիկայի աճը 2.4 տոկոս է գնահատվում, ինչը մի փոքր ցածր է նախորդ 2.5 տոկոս գնահատականից: