Եթովպիայում միջնահանգային բախումների հետևանքով վերջին շաբաթվա ընթացքում առնվազն 100 մարդ է զոհվել. Al Jazeera
Եթովպիայի Աֆար և Սոմալի շրջանների միջև սահմանային բախումների հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել, հայտնում է Al Jazeera լրատվականը՝ վկայակոչելով տարածաշրջանային պաշտոնյաին:
Մոտ 100 խաղաղ բնակիչ, որոնցից շատերը հովիվներ էին, զոհվել են ուրբաթ օրը սկսված և մինչև երեքշաբթի տևած բախումների հետևանքով: Այս մասին ասել է Աֆարի շրջանի ոստիկանության կոմիսարի տեղակալ Ահմեդ Հումեդը: Նա բռնությունների համար մեղադրել է Սոմալիի տարածաշրջանային ուժերին։ Ոստիկանության Սոմալիի շրջանի մամուլի խոսնակ Ալի Բեդելը, իր հերթին, ասել է, որ ուրբաթ օրը 25 մարդ է սպանվել և «անհայտ թվով քաղաքացիական անձիք» են զոհվել երեքշաբթի տեղի ունեցած հարձակման հետևանքով։ Սակայն հայտնի չէ, թե զոհվածները վերոնշյալ100-ի թվում են թե ոչ։
Հայտնի է, որ Սոմալիի հատուկ ոստիկանությունն ու աշխարհազորայինները գրոհել են Հարուքա շրջանը՝ «կրակելով տեղացիների վրա և սպանելով ավելի քան աֆարցի 30 հովվի» և վիրավորելով առնվազն 50 քաղաքացիական անձանց, որին ի պատասխան տեղացիները կրակ են բացել։
Բռնությունները տեղի են ունեցել երկրում կարևոր նշանակություն ունեցող ընտրությունների ֆոնին, որոնք 2020 թվականի օգոստոնին չեն կայացել կորոնավիրուսային համավարակի պատճառով և հետաձգվել են։ Հակամարտությունն ընթանում է ներկայիս դաշնային կառավարության և նախկին իշխող կուսակցության միջև՝ Տիգրեյի շրջանում։
Հարձակման ընթացքում կիրառվել են գնդացիրներ և նռնակներ, քնած վիճակում սպանվել են երեխաներ և կանայք։
2014 թվականին երկու նահանգների միջև սահմանը վերափոխվել է դաշնային կառավարության կողմից և այնուհետև ղեկավարվել է բազմէթնիկ կոալիցիայի՝ Եթովպիայի ժողովրդական հեղափոխական ժողովրդավարական ճակատի կողմից։ Սահմանային փոփոխության արդյունքում Սոմալի նահանգից Աֆարի նահանգին են միացել երեք փոքր քաղաքներ, որոնք Սոմալի նահանգն անընդհատ փորձել է վերադարձնել՝ առաջացնելով բախումներ։
Եթովպիան բաժանված է 10 նահանգների, որոնք զատված են էթնիկական սկզբունքով և դրանց միջև հողային և քաղաքական վեճերը հաճախ հանգեցնում են բռնությունների։