Հունաստանը երկարաձգել է միջազգային ավիաչվերթների արգելքը մինչև ապրիլի 19-ը
Կիրակի Հունաստանը հայտնել է, որ երկարաձգում է ներքին ավիաչվերթների սահմանափակումները մինչեւ ապրիլի 12-ը, իսկ միջազգային չվերթները՝ մինչեւ ապրիլի 19-ը, քանի որ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը շարունակում է աճել, հաղորդում է Reuters-ը:
Սահմանափակումների համաձայն՝ Հունաստան ժամանող ուղեւորները պետք է ներկայացնեն ժամանելուց 72 ժամ առաջ կատարված ՊՇՌ թեստի բացասական արդյունք եւ անցնեն կորոնավիրուսի ընտրողական թեստավորում:
Բոլոր օտարերկրյա ուղեւորները պետք է պահպանեն կարանտին յոթ օրվա ընթացքում: Իսրայելցի ուղեւորները, որոնք ամբողջովին պատվաստվել են ուղեւորությունից առնվազն երկու շաբաթ առաջ, կարանտինի կարիք չեն ունենա՝ ըստ երկու երկրների միջեւ զբոսաշրջության մասին երկկողմանի համաձայնագրի:
ԵՄ անդամ երկրների մեծամասնությունից չվերթներն արգելված է, բացառությամբ 10 երկրի, ներառյալ Մեծ Բրիտանիան:
Հունաստանում դպրոցները, ոչ առաջնային անհրաժեշտության խանութներն ու ռեստորանները փակ են, սակայն իշխանությունները պատրաստվում են թույլատրել բացել մանրածախ խանութները երկուշաբթվանից որոշ սահմանափակումներով, իսկ ավագ դպրոցները, ինչպես ակնկալվում է, կվերսկսեն առկա դասերն այս ամսվա վերջում:
Ուրբաթ Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 3080 նոր դեպք եւ մահվան ելքով 72 դեպք:
Համավարակի ամբողջ ընթացքում երկրում հայտնաբերվել է ավելի քան 273 000 դեպք, վիրուսի հետեւանքով մահացել է ավելի քան 8 300 պացիենտ: