Փախուստի մեջ գտնվող իտալացի մաֆիոզին բռնվել է իտալական խոհանոցի հանդեպ սիրո պատճառով
Փախուստի մեջ գտնվող իտալացի մաֆիոզին բռնվել է Դոմինիկյան Հանրապետությունում եւ հանձնվել է Իտալիային՝ իտալական խոհանոցի մասին իր Youtube-ալիքի շնորհիվ: Մարկ Ֆերեն Կլոդ Բիարը 7 տարի թաքնվել է իրավապահներից` հարավային Ռեջիո Կալաբրիա նահանգում «Նդրանգետա» կլաններից մեկի կողմից կազմակերպված թմրանյութերի վաճառքին մասնակցելու համար: 2021թ․ նրան գտել են Դոմինիկյան Հանրապետության Բոկա Չիկա հանգստավայրում, ուր նա տեղափոխվել էր Կոստա Ռիկայից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մաֆիոզին հանգիստ կյանք է վարել՝ որեւէ կերպ աչքի չընկնելով տեղի իտալական համայնքի ներկայացուցիչների շրջանում եւ «մնացել է ուրվական նրանց համար, ովքեր իրեն փնտրում էին»:
Բիարը կնոջ հետ միասին ալիք է վարել Youtube-ում, որտեղ հոլովակներ է հրապարակել իտալական խոհանոցի վերաբերյալ: Ինտերպոլի հետ համագործակցության շնորհիվ Բիարը հետապնդվել եւ ձերբակալվել է: Իրավապահների վերահսկողությամբ նրան արդեն տեղափոխել են Միլան: «Իտալական խոհանոցի հանդեպ նրա սերը հնարավորություն է տվել գտնել նրա հետքերը ինտերնետում եւ սոցիալական ցանցերում, ինչպես նաեւ դաջվածքներից ճանաչել շեֆ-խոհարարին, որը տեսահոլովակում միշտ հայտնվել է առանց դեմքի»,- ասել են ոստիկանությունից: