Ուգանդայի՝ Էլիզաբեթ 2-րդ թագուհու անվան արգելոցում 6 առյուծ է սատկել
Ուգանդայի ամենահայտնի արգելոցներից մեկում դեռևս անհայտ հանգամանքներում 6 առյուծ է սատկել, հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի անվան ազգային պարկում մասնատված գլուխներով և թաթերով առյուծները հայտնաբերվել են նախօրեին։
Ուգանդայի վայրի բնության վարչության (UWA) հաղորդմամբ՝ «առյուծների մարմնի որոշ մասերը չեն հայտնաբերվել, ինչն առիթ է տալիս ենթադրել, որ վայրի կենդանիներն անօրինական առևտրի զոհ են դարձել»։
Ներկայում ընթանում է հետաքննություն․ բնապահպանության մասնագետները դեպքի վայրում աշխատում են տեղի ոստիկանության հետ:
Դիտարկվում է նաև առյուծների թունավորման տարբերակը․ նման դեպքեր են արձանագրվել նաև 2010-ին և 2018-ին։
Ազգային պարկը բացվել է 1952 թվականին և անվանակոչվել է Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ 2-րդ թագուհու պատվին՝ ի հիշատակ նրա այցի: 1979 թվականին այգին վերածվել է արգելոցի, որտեղ բնակվում է մոտ 95 կենդանատեսակ։