Չինաստանի հակամենաշնորհային մարմինները նախատեսում են համացանցային առեւտրի հսկա Alibaba-ին տուգանել 975 միլիոն դոլարով
Չինաստանի հակամենաշնորհային մարմինները նախատեսում են համացանցային առեւտրի հսկա Alibaba-ին տուգանել ռեկորդային գումարով, հայտնում է The Wall Street Journal պարբերականը: Պարբերականի աղբյուրների տեղեկացմամբ՝ տուգանքի չափը կանցնի 975 մլն դոլարից, նման չափի տուգանք 2015 թվականին երկրում վճարել էր ամերիկյան Qualcomm-ը:
Կարգավորողների վարկածով՝ Alibaba-ն մրցակիրցների դեմ անազնիվ պայքար է մղում: Ընկերությունը «պատժում» է այն վաճառողներին, որոնք իրենց արտադրանքը տեղադրում են մի քանի պլատֆորմներում. սահմանափակում է նրանց ապրանքի առաջխաղացումն իր կայքերում՝ այդպիսով ստիպելով ընտրություն կատարել իր օգտին: Պարբերականը հայտնում է, որ Չինաստանի իշխանությունները կպահանջեն, որ Alibaba-ն դադարեցնի այդ պրակտիկան:
2020 թվականի դեկտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Չինաստանի շուկայի վերահսկողության վարչությունը հետաքննություն է սկսել Alibaba-ի դեմ՝ մենաշնորհային բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով:
Անցյալ տարվա նոյեմբերին պետք է կայանար Alibaba-ի կազմի մեջ մտնող ֆինանսատեխնոլոգիական Ant Group ընկերության իր ծավալով ռեկորդային բաժնետոմսերի տեղակայում Շանհայի եւ Հոնկոնգի բորսաներում, որն անսպասելիորեն կասեցրել է կարգավորողը՝ նշելով «ֆինանսատեխնիկական հսկողության պայմանների փոփոխությունը»: Լրատվամիջոցները ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ դրան նախորդել էր հոկտեմբերին Alibaba-ի հիմնադիր Ջեք Մայի հրապարակային ելույթը, որը մեջբերում էր կատարել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինից եւ քննադատել երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող կանոնները: