Եթե Փաշինյանը մնա, նույն փորձությունը կբերի նաեւ Հայաստանի գլխին. Գագիկ Մինասյան
Մարտի 3–ը չափազանց կարևոր օր է երկրում տիրող ճգնաժամի հաղթահարման տեսակետից։ Այս մասին այսօր՝ մարտի 3–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակության եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հանդիպմանը եւ մյուս զարգացումներին։
Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները այսօր հանդիպել են Հանրապետության նախագահի հետ՝ քննարկելու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու սահմանադրականության խնդիրները։
«Դեռ ժամանակ կա, որ նախագահը այդ հրամանագիրն ուղարկի Սահմանադրական դատարան։ Ենթադրում եմ, որ Փաշինյանը նախագահի հետ հանդիպման ժամանակ հորդորելով կամ պահանջելով՝ պնդել է, որ նա այդ հրամանագիրը չուղարկի ՍԴ։ Հույս ունեմ, որ «Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակության հանդիպումները նախագահի հետ կհանգեցնեն կառուցողական զարգացումների։ Դրանց արդյունքում կկայացվեն որոշումներ, որոնք կկանխորոշեն ճգնաժամի հետագա ընթացքը»,–ասաց նա։
Նշենք, որ երեկ՝ մարտի 2–ին, նախագահը երկրորդ անգամ չի ստորագրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագիրը, սակայն որոշել է առանձին դիմումով դիմել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Գագիկ Մինասյանն անդրադարձավ նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ընգծելով, որ եթե դրանք տեղի ունենան Նիկոլ Փաշինյանի օրոք, ապա երկիրը ճգնաժամից դուրս չի գա։
«Փաշինյանը հրաժարական կտա, կստեղծվի ժամանակավոր կառավարություն և արդեն այդ կառավարության օրոք տեղի կունենան ընտրությունները։ Ինքը մի քանի օր առաջ ցույց տվեց, թե ինչ մեթոդներով է անցկացնելու այդ արտահերթ ընտրությունները՝ կեղծիք, պարտադրանք ու շանտաժ։ Այն փորձությունը, որը նա բերեց Արցախի գլխին, նույնը կբերի նաև Հայաստանի գլխին»,– ՀՀԿ ներկայացուցիչը։