ՌՀՄ-ն անում է ամեն ինչ Բելորեչենսկում երիտասարդ հայի սպանությունից հետո կոնֆլիկտի բռնկումից խուսափելու համար
Ադրբեջանցու կողմից փետրվարի 28-ին Կրասնոդարի Բելորեչենսկի շրջանում 22-ամյա հայի սպանությունից հետո Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդար է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Կազմակերպության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ղուկասյանը հանդիպումներ կանցկացնի տեղական իշխանության, համայնքների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների եւ երիտասարդական կազմակերպությունների հետ՝ սադրանքներ թույլ չտալու համար:
«Բացասական դրսեւորումներից խուսափելու համար ՌՀՄ-ն խնդրում է չարձագանքել էմոցիոնալ, հաճախ սադրիչ կոչերին եւ հանգստություն պահպանել»,-ասվում է հաղորդագրության մեջ:
ՌՀՄ-ն միջոցներ է ձեռնարկում հանցագործների որոնման օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքին հետեւելու ուղղությամբ: Կազմակերպությունում նշել են, որ եթե մարդասպանները Ադրբեջանում լինեն, ապա նրանք պետք է վերադարձվեն Ռուսաստան եւ կանգնեն դատարանի առաջ:
«Հուսով են՝ հանցագործները շուտով կհայտնաբերվեն եւ քրեական պատիժ կկրեն ռուսական օրենսդրությանը համապատասխան»,-ասվում է ՌՀՄ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Բելորեչենսկում ծեծկռտուքի հետեւանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը: Նրա ռուս ընկերը վիրավոր է: Մարդասպանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: