Գուցե ոստիկանությունը նախապես որոշել է ուժ կիրառել և հիմքեր են նախապատրաստում դրա համար․ Ա․ Վանեցյանը՝ հնարավոր սադրանքի վերաբերյալ ոստիկանության հայտարարության մասին
Անթույլատրելի և անընդունելի է այդպիսի ուժի ցուցադրումը, այստեղ հավաքված են խաղաղ ցուցարարները․ այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ-ի դարպասները զոդել են, տեղադրել են լուսաձայնային նռնակներ և տեղում են նաև դիպուկահարները:
« Արդեն 6-րդ օրն է այստեղ շուրջօրյա ակցիա ենք իրականացնում և որևէ միջադեպ ցուցարարների կողմից չի եղել: Մենք մնալու ենք օրենքի շրջանակներում, հանրային ճնշումը շատացնելու ենք և հասնելու ենք մեր նպտակների իրագործմանը»,- ասաց Վանեցյանը:
Անդրադառնալով ոստիկանության հայտարարությանը, որ հավաքի մասնակիցները, հնարավոր է, սադրանքների դիմեն, Վանեցյանն ասաց, որ հրապարակային դիմում է ոստիկաններին՝ ասելով, որ իրենք սադրանքի գնալու նպատակ չունեն։
«Եթե ոստիկանությունը ստացել է տեղեկություն, որ այստեղ պատրասվում են ինչ-որ անկարգություններ, սադրանքներ, ապա ասեմ, որ դա կեղծ տեղեկություն է և մենք նման գերծելաոճ չենք որդեգրել: Մեր բոլոր գործողություններն օրենքի շրջանակում են, իսկ երկրորդ տարբերակը ոստիկանությունը նախօրոք կարող է հայտարարություն տարածել, քանի որ նախապես որոշել են ուժ կիրառել և հիմքեր են պատրաստում, որ այդ ուժը կիրառեն: Խորհուրդ չեմ տա, որ նման քայլի գնան»,-ասաց Վանեցյանը: