Ըստ նախնական տեղեկատվության` եղել են վառելիքի հետ կապված խնդիրներ, բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավը այսօր վերադառնա Երևան. Տիգրան Ավինյանը՝ առևանգված օդանավի մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ մամուլի հրապարակումներին այն մասին, որ Հայաստանից առևանգվել է ինքնաթիռ և Կառավարության կողմից որևէ հոդաբաշխ բացատրություն չտրվեց:
«Կարո՞ղ է մի օր էլ քնենք, արթնանանք և պարզվի, որ մեր բազմամիլիոնանոց գներով գնած ՍՈՒ-երը ևս հայտնվեն մեկ այլ հարևան երկրում»,-ասաց նա:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց, օդանավի հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով Fly Armenia Airways ընկերությունը պաշտոնապես դիմել է կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալլին քաղաքից Ուկրաինայի «Գոստոմել» օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանալ՝ կրելով թռիչքի ամբողջ պատասխանատվությունը, ինչը չի հակասում միջազգային ավիացիոն որևէ պահանջի:
«Սակայն նշված օդանավը, խախտելով կոմիտեի կողմից նախապես տրամադրված թռիչքի ուղղության վերջնակետի թույլտվությունը, իրականացրել է թռիչք, ոչ իրեն նախապես տրված թույլտվության համաձայն այլ դեպի «Վառնա» օդանավակայան, այնուհետև ուղղություն է վերցրել դեպի Շարժա, սակայն դեռևս չպարզված հանգամանքներում վայրէջք է կատարել Իրանի «Մեհրաբաթ» օդանավակայանում»,– ասաց նա:
Տիգրան Ավինյանը նշեց, որ թռիչքի վերգետնյա սպասարկման, թռիչքի կազմակերպման և թույլտվությունների ստացման գործընթացի պատասխանատուն հանդիսանում է միայն ու միայն շահագործող ընկերությունը:
«Թե՛ օդաչուական անձնակազմի, թե՛ իրանական կողմի ավիացիոն իշխանությունների հավաստիացմամբ՝ վայրէջքը կրել է տեխնիկական բնույթ, ըստ նախնական տեղեկատվության՝ եղել են վառելիքի հետ կապված խնդիրներ: Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավը այսօր վերադառնա Երևան»,-ասաց նա: