Վրաստանում հարձակվել են Սաակաշվիլիի կուսակցության գրասենյակի վրա. բերման է ենթարկվել 2 մարդ
Վրաստանի Գորի քաղաքում հարձակվել են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի վրա, բերման է ենթարկվել 2 մարդ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը:
«Ուրիշի ունեցվածքը վնասելու մեղադրանքով բերման են ենթարկվել երկու անձինք, 1994 թվականին ծնված Գ.Կ.-ն և 1966 թվականին ծնված Գ.Բ.-ն»,-ասված է հայտարարության մեջ:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածները վնասել են կուսակցության գրասենյակի ապակիները, ոստիկանությունը նրանց բերման է ենթարկել դեպքից անմիջապես հետո: Նրանց սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում: