Ռուսաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանում տիրող իրավիճակին. Մատվիենկո
Ռուսաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանում տիրող իրավիճակին և շահագրգռված է դրա շուտափույթ կայունացմամբ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Իհարկե, մենք մտահոգությամբ ենք հետևում այս ամենին: Եվ մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում իրավիճակը հնարավորինս արագ կայունանա: Սա կարևոր է հենց Հայաստանի համար, հայ ժողովրդի համար, իհարկե, կարևոր է նաև տարածաշրջանում կայունության համար»,-ասել է Մատվիենկոն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գլխավոր Շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ, պահանջելով վարչապետ Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականը։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել, որն ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։ Սահմանված ժամկետում Արմեն Սարգսյանն այն չստորագրեց։ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է այն ուղարկել։ Եռօրյա ժամկետում նախագահը կամ պետք է ստորագրի, կամ ուղարկի ՍԴ։ Բարձր դատարանն էլ դիմումը մուտքագրելու պահից տասնօրյա ժամկետում կայացնելու է որոշում։