ԱՍՀՆ-ն ավարտում է պրոթեզավորման կարիք ունեցող պատերազմի մասնակիցների պահանջների գնահատման գործընթացը
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ավարտում է պրոթեզավորման կարիք ունեցող պատերազմի մասնակիցների պահանջների գնահատման գործընթացը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ գործընթացը նոր է, անցկացվում է փորձագետների բազմապրոֆիլ խմբերի կողմից: Առողջապահության նախարարության կողմից տրված վկայագրերի հիման վրա խմբերն այցելում են պրոթեզավորման կարիք ունեցող անձանց եւ ընտանիքի կարիքների գնահատում անցկացնում, ընդ որում, հաշվի է առնվում ոչ միայն պացիենտի վիճակը, այլ նաեւ բնակարանային պայմանները եւ այլն, որպեսզի օգնությունը համալիր լինի: Հաշմանդամության կարգ ստանալու համար փորձաքննությունն անցկացվում է անձի ցանկության դեպքում: Փետրվարի 23-ի դրությամբ առաջին կարգի հաշմանդամություն է ստացել 82 անձ, երկրորդ կարգի՝ 183, երրորդ կարգի՝ 335: 150 մարդու հաշմանդամության կարգ չի տրվել:
Փոխնախարարը հայտնել է, որ արդեն գնահատվել են 99 մարդու կարիքները: Ընդհանուր առմամբ առողջապահության նախարարությունը փոխանցել է 150 մարդու տվյալներ: Խմբերն այցելել են Արցախ եւ Հայաստանի մարզեր: Գնահատման գործընթացը ծրագրվում է ավարտել շաբաթվա վերջում:Այժմ Հայաստանում գործում են պրոթեզների արտադրության 4 սերտիֆիկացված ձեռնարկություններ, եւս մի քանիսի շինարարություն է ընթանում: Ստեփանյանը նշել է, որ այդ ձեռնարկությունների գործունեության հետ նախարարությունն առնչություն չունի, դրանք մասնավոր կառույցներ են: Նա նաեւ հայտնել է, որ պատերազմի մասնակիցների դեպքում չկան գնային սահմանափակումներ: Գնահատման խմբերը համագործակցում են արտասահմանից գործընկերների հետ, մասնավորապես, խմբերի աշխատանքին մինչ վերջերս մասնակցում էր Ռուսաստանից մեր հայրենակիցը, նախարարությունը համագործակցում է սփյուռքի հարցերի հանձնակատարի գրասենյակի հետ: