Լիոնի քաղաքապետի՝ դպրոցական ճաշարաններից միսը հեռացնելու որոշումն իր և Ֆրանսիայի կառավարության պաշտոնյաների միջև լուրջ տարաձայնությունների է հանգեցրել․ Fox News
Ֆրանսիական Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի՝ դպրոցական ճաշարաններից միսը հեռացնելու որոշումն իր և երկրի կառավարության պաշտոնյաների միջև լուրջ տարաձայնությունների է հանգեցրել, հաղորդում է Fox News-ը։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը Twitter-ում քննադատել է Լիոնի քաղաքապետին՝ հայտարարելով, որ «այդ քաղաքականությունը վիրավորում է ֆրանսիացի ֆերմերներին և մսագործներին»։
Նա նաև նշել է, որ քաղաքապետը որոշումներ է կայացնում՝ հաշվի չառնելով երկրի աշխատանքային խավին և հավելել, որ «շատ երեխաներ հաճախ միայն ճաշարան են գնում՝ միս ուտելու համար»։
Դուսեն արձագանքել է մեղադրանքներին՝ ասելով, որ նոր քաղաքականությունը ոչ միայն կարագացնի դպրոցական լանչերի (և դրանով իսկ կնպաստի սոցիալական հեռավորության պահպանմանը) մատուցման ծառայությունը, այլև «կնպաստի դպրոցներում ավելի կայուն, տեղական և առողջ սննդի զարգացմանը»։
Նշվում է, որ Լիոնի քաղաքապետի քայլը դատապարտել են նաև Ֆրանսիայի կառավարության այլ պաշտոնյաներ։