Կատարում 10 տարում ավելի քան 6500 գաղթական է մահացել. շատերը ներգրավված են եղել ՖԻՖԱ-ի «Աշխարհի գավաթ»-ի ենթակառուցվածքային նախագծերում. The Guardian
10 տարվա ընթացքում Հնդկաստանից, Պակիստանից, Նեպալից, Բանգլադեշից և Շրի Լանկայից Կատար արտագաղթած ավելի քան 6500 անձ մահացել է այն բանից հետո, երբ երկիրը նվաճել է 2022 թվականի «Աշխարհի գավաթ»-ի խաղարկության իրավունքը:
Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով նշված երկրների իշխանությունների տվյալները:
Մասնավորապես, 2011-2020 թվականներին Կատարում Հնդկաստանից, Բանգլադեշից, Նեպալից և Շրի Լանկայից ժամանած 5927 գաղթական է մահացել: Բացի այդ, 2010-2020 թվականներին երկրում մահացել է 824 պակիստանցի աշխատող, հայտնում է Քաթարում Պակիստանի դեսպանությունը:
The Guardian-ի տեղեկություններով՝ գաղթականների մահվան ընդհանուր թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ հրատարակության կողմից հավաքված տվյալները չեն ընդգրկում այն անձանց մասին տեղեկությունները, որոնք երկիր են ժամանել Ֆիլիպիններից և Քենիայից: Բացի այդ, ցուցակում ներառված չեն 2020 թվականի վերջին արձանագրված մահվան մասին տվյալները:
Նշվում է, որ չնայած այն փաստին, որ գրանցված մահվան դեպքերը դասակարգված չեն ըստ զբաղմունքի կամ աշխատավայրի, հավանական է՝ մահացած աշխատողներից շատերը ներգրավված են եղել «Աշխարհի գավաթ»-ի ենթակառուցվածքային նախագծերում:
FairSquare Projects իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Նիք ՄագԳեհայի խոսքով՝ «2011 թվականից մահացած գաղթականների զգալի մասը գտնվել է երկրում միայն այն պատճառով, որ Կատարը իրավունք է ստացել երկրում անցկացնել ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը»: