Ոստիկանությունը կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկել քաղաքացիների. Նրանց թվում են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ Գերասիմ Վարդանյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը
Ոստիկանությունը կառավարության 3-րդ մասնաշենքի և Արամ Մանուկյանի արձանի մոտից սկսեց բերման ենթարկել քաղաքացիներին, որոնք եկել էին թույլ չտալու, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից հասնի կառավարության 3-րդ մասնաշենք: Նրանց թվում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ Գերասիմ Վարդանյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը:
Հատկանշական է, որ ոստիկանները քաղաքացիներին սկսեցին բերման ենթարկել այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո քայլել ու մտել էր երրորդ մասնաշենք:
Կառավարության մասնաշենքերի մոտից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող 25 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։
«Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով», հաստատել են ՀՀ Ոստիկանությունում:
Նշենք. որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։
Ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ երեկ «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի գործողությունների ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք:
Քիչ առաջ էլ հայտնեցինք նաև, որ ընդդիմության ակցիայից առաջ ոստիկանությունը շրջափակել էր Կառավարության մասնաշենքերը. Փաշինյանը կառավարության 3-րդ մասնաշենք քայլեց «Նիկոլ դավաճան» և «Դավաճան Հայվան» բացականչությունների ներքո: