«Շոշը Շուշիի շրջանի միակ գյուղն է, որ մինչև այսօր մեր կողմի հսկողության տակ է, այդ ո՞նց մենք հանձնեցինք Շոշը»․ Վանեցյան
Պետք է մարդկանց բացատրենք, որ սա բացառապես քաղաքական պայքար չէ, սա վերկուսակցական պայքար է, այստեղ կանգնած ենք մի նպատակի համար, այդ նպատակը կոչվում է «Հայաստանի Հանրապետության ապագա»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների երթի ժամանակ քաղաքացիների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Այսօր Սյունիքը վտանգված է, Սյունիքից կտոր–կտոր տանում են»,–ասաց նա։
«Ընդդիմությունը չի հայտնվել փակուղում, հստակ գործում է իր օրակարգով, բայց շարժումը առաջնորդող ուժերը միայնակ որևէ արդյունքի չեն կարող հասնել, քաղաքացիները պետք է հասկանան, որ իրենք պետք է մասնակից դառնան այս գործընթացին»,–ասաց նա և նշեց, որ եթե մարդիկ դուրս չգան, ուրեմն մենք կվերածվենք ոչ թե ՀՀ–ի, այլ թուրքական վիլայեթի։
Անդրադառնալով Շոշ գյուղը հանձնելու իրեն ուղղված մեղադրանքներին՝ նա ասաց․ «Շոշ գյուղը Շուշիի շրջանի միակ գյուղն է մնացել, որ մինչ այսօր հայկական կողմի հսկողության տակ է, այդ ո՞նց մենք հանձնեցինք Շոշ գյուղը»։