Այսօր հասկանալի պատճառով այստեղ ներկա չէ 2 մարդ. Նիկոլ Փաշինյանի հերթական մոլագարության արդյունքում՝ Կարեն Բեքարյանը և Արա Սաղաթելյանը ձերբակալվել են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Շատերդ այստեղ եկել եք 88-ի հույսով, բայց 88-ը կմնա հուշ, եթե չլինի պայքարը: Եվ բոլորիդ այստեղ բերել է նույն պահանջը և նույն կարգախոսը՝ առանց Նիկոլ Հայաստան: Այս մասին այսօր Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը:
Գեղամ Մանուկյանը նշեց, որ անցնող երեք ամիսների պայքարը որևէ վայրկյան չի դադարել, որովհետև ակնհայտ է, որ այս իշխանությունը, վարչապետի աթոռը վերցնողը շարունակում են նույն դավաճանական ընթացքը: «Դրա վկայություններից մեկն այն է, որ կազմակերպվեց ևս մեկ փաստաթուղթ, որ էլի այս իշխանությունը ստորագրեց բոլորից թաքուն»,– ասաց նա:
ԳԵղամ Մանուկյանը հիշեցրեց, որ մի քանի օր շարունակ ակցիաներ իրականացվեցին նաև քաղաքացիների կողմից՝ պատգամավորների նկարներն իրենց շենքերի մուտքերին փաքցնելով, որոնց տակ գրված էր՝ դավաճան: «Շատերն անգամ այդ լուսանկարների երիտասարդների դեմքերը չէին ճանաչում, քանի որ նրանք խորհրդարանում են հայտնվել որպես ուսապարկ, որոնք չունեն կենսագրություն»:
«Մենք մեկ ամբողջություն ենք, բայց շատերը դեռ թերահավատ են: Հիմա ֆեյսբուքյան ուղիղ եթերով կոչ եմ անում բոլորին՝ գտե՛ք ժամանակ, եկե՛ք Ազատության հրապարակ, եկե՛ք մեծացնելու մեր շարքերը: Այսօր հասկանալի պատճառով այստեղ ներկա չեն երկու անձնավորություն, երկուսն էլ ծառայություն ունեն մեր երկրում և Նիկոլ Փաշինյանի հերթական մոլագարության արդյունքում Կարեն Բեքարյանը և Արա Սաղաթելյանը ԱԱԾ-ի կողմից բերման են ենթարկվել, ձերբակալվել և նրանց մեղադրանք է առաջադրվել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Փաշինյանն այս գործելաոճով ոչնչի չի հասնելու:
Նշենք, որ Ազատության հրապարակում տեղի է ունենում Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնած հանրահավաքը։ Օրը պատահական չէ ընտրված՝ 1988 թվականի հենց այս օրը մեկնարկեց արցախյան շարժումը։ Հանրահավաքին եկած քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։