Իտալական մաֆիայի պարագլուխը շահել է իր խցում երաժշտություն լսելու իրավունքի համար դատական վեճը
Իտալական մաֆիայի պարագլուխը շահել է իր խցում երաժշտություն լսելու իրավունքի համար դատական վեճը, հայտնում է Guardian-ը:
Իտալիայում սպանության եւ այլ հանցագործությունների պատճառով 48-ամյա Դոմենիկո Ստրիշչուգլիոն դատապարտված է ավելի քան 20 տարվա բանտարկության: Այն բանից հետո, երբ բանտային իշխանությունները մերժել են Ստրիշչուգլիոյի CD նվագարկիչ գնելու մասին խնդրանքը, նրա փաստաբանը դիմել է դատարան՝ նրան զվարճությունների հնարավորությունների ընդլայնում թույլատրելու խնդրանքով, բացի խցում հեռուստացույց դիտելուց:
Սասարի քաղաքի, որտեղ Ստրիշչուգլիոն 1999 թվականից կրում է պատիժը, դատարանի դատավորները համաձայնվել են, որ երաժշտություն լսելը սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների մաս է: Դատավորների կարծիքով՝ «այդ սովորական սովորույթից հրաժարվելը կհանգեցնի կալանավորվածների իրավունքների անօգուտ սահմանափակման: Նրանք նաեւ նշել են, որ սովորական հեռուստաալիքները, որոնց Ստրիշչուգլիոն հասանելիություն ունի, չեն առաջարկում ծրագրեր, որոնք «կկարողանային գոհացնել նրանց, ովքեր հետաքրքրվում են երաժշտությամբ»:
Ստրիշչուգլիոն, որը Իտալիայի հարավ-արեւելքում Բարիից մաֆիոզ ընտանիքի անդամ է, 2019 թվականին դատական վեճ էր շահել, որը նրան թույլ էր տվել կեսգիշերից հետո հեռուստացույց դիտել:
Իտալիան բանտերում ավազակների եւ ահաբեկիչների պահման պայմանները խստացրել էր 1980-ական եւ 1990-ական թվականներին արյունահեղ երկպառակություններից հետո, որի բարձրակետն էր դարձել 1992 թվականին մաֆիայի դեմ պայքարի սիցիլիացի երկու գերագույն դատավորների՝ Պաոլո Բորսելինոյի եւ Ջովանի Ֆալկոնեի սպանությունը: 41-րդ հոդվածն արգելում էր հեռախոսային զրույցները, այլ կալանավորների հետ շփումը կամ նամակագրությունը, կամ երրորդ անձնանց հետ հանդիպումները:
2019 թվականի հոկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել, որ Իտալիայում մաֆիայի պարագլուխների համար խիստ բանտային ռեժիմները խախտում են մարդու իրավունքները՝ վկայակոչելով ցմահ բանտարկությունը, որի հետեւանքով բանտարկյալները ենթարկվել են անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:
ՄԻԵԴ-ն Իտալիային կոչ էր արել վերանայել իր օրենքները, որոնք ցմահ բանտարկություն են նախատեսում շատ ծանր հանցագործությունների համար եւ պատժի ժամկետի կրճատումը բացառում են, եթե բանտարկյալները չեն դառնում իրազեկիչներ:
Որոշումը հարուցել է քննիչների վրդովմունքը, որոնք պնդում են, որ այն ուշադրություն չի դարձնում ենթատեքստին եւ Իտալիայում մաֆիայի պատմությանը: Իտալացի նախարարների, դատախազների եւ ոստիկանապետերի խոսքով՝ ՄԻԵԴ որոշումը կարող է խանգարել ամբողջ մայրցամաքում կազմակերպված հանցավորության դեմ պայքարին: