«Բիթքոինը փոքր ինչ ավելի լավ է, քան կանխիկ գումարը». Իլոն Մասկ
Tesla էլեկտրոմոբիլներ արտադրող ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ բիթքոին ունենալը մի փոքր ավելի լավ է, քան սովորական կանխիկ գումարը, գրում է Reuters-ը:
«Այնուամենայնիվ, երբ ֆիաթը (թղթային արժույթ,-խմբ.) իրական բացասական տոկոսադրույք ունենա, միայն հիմարը այլ տեղ չի փնտրի: Բիթքոինն ունի գրեթե նույն հաշվապահական հաշվեկշիռը, ինչ ֆիաթը: Այստեղ բանալի բառը «գրեթե»-ն է», - գրել է Մասկն իր թվիթերյան պաշտոնական էջում:
Նշենք՝ Tesla-ի կողմից 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարով բիթքոինի գնման արդյունքում կրիպտոարժույթի արժեքն մեկ շաբաթվա ընթացքում աճել է ռեկորդային թվով. 1 բիթքոինի արժեքն այժմ գնահատվում է 51 284 ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք՝ բիթքոինը թվային արժույթի տեսակ է, որի գաղափարը հանրությանն առաջին անգամ ներկայացվել է 2008 թվականի հոկտեմբերի 31-ին: Վերջինիս հիմնական առավելությունն այն է, որ գործարքները անանուն են և իրականացվում են անմիջապես առանց միջնորդների: