Իսրայելի օդուժը չծրագրված զորավարժություններ է սկսել երկրի հյուսիսային սահմանների մոտ
Իսրայելի պաշտպանության բանակը երկուշաբթի հայտարարել է ռազմաօդային ուժերի չծրագրված ուսումնավարժանքներ սկսելու մասին, որոնք ուղղված են երկրի հյուսիսային սահմաններին մարտունակության բարձրացմանը:
«Իսրայելական օդուժի հանկարծակի զորավորժությունները մեկնարկել են նախօրեին՝ կիրակի: Դրանք անցկացվում են Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիկամ Նորկինի հրահանգով և նախատեսված են հյուսիսային ուղղությամբ օդուժի մարտունակության բարձրացման համար: Ակնկալվում է, որ զորավարժությունները կավարտվեն չորեքշաբթի»,- նշել է ՏԱՍՍ գործակալությունը` բանակի մամուլի հաղորդագրությանը հղումով:
Զինվորականները նշել են, որ զորավարժությունների ժամանակ «փորձարկվում է հյուսիսային ճակատում մարտական գործողությունների սցենարը և ստուգվում են օդուժի հիմնական առաքելության բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ օդում գերակայության ապահովումը, երկնքի պաշտպանվածությունը, ինչպես նաև հարձակումներն ու հետախուզական տվյալների հավաքումը»:
Բանակայինները հավելել են, որ ուսումնավարժանքների ժամանակ կնկատվի Իսրայելի Պաշտպանության բանակի ինքնաթիռների և ուղղաթիռների տեղաշարժի բարձր ինտենսիվություն երկրի ողջ տարածքում, իսկ հյուսիսային շրջաններում պայթյուններ կարող են հնչել: