Չեխիայում կորոնավիրուսային իրավիճակի վատթարացման պատճառով արտակարգ ռեժիմ է սահմանվել
Չեխիայի կառավարությունը տարածաշրջանային ղեկավարների խնդրանքով 14 օր տևողությամբ` մինչև փետրվարի 28-ը համաճարակաբանական իրավիճակի պատճառով երկրում արտակարգ ռեժիմ է սահմանել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով չեխական հեռուստաընկերություններին:
Հինգշաբթի օրը Չեխիայի խորհրդարանը մեկ ձայնի մեծամասնությամբ ՝ 49 կողմ և 48 դեմ, մերժել էր 2020 թվականի հոկտեմբերի 5-ից տևող արտակարգ ռեժիմը երկարաձգելու մասին կառավարության խնդրանքը: Սրա հետ կապված` կառավարությունն օգտվել է երկրի օրենսդրությամբ նախատեսված հնարավորությունից՝ կրկին արտակարգ ռեժիմ հայտարարելու տարածաշրջանային ղեկավարների խնդրանքով, որոնք անհանգստացած են իրենց տարածաշրջաններում կորոնավիրուսի դեպքերի աճով:
Միևնույն ժամանակ, Սենատի ղեկավար Միլոշ Վիստրչիլը և սահմանադրական իրավունքի որոշ փորձագետներ վիճարկում են տարածաշրջանային ղեկավարների և կառավարության այս գործողությունները: