AusOpen. Ջոկովիչն ու Սերենան տարան 2-րդ հաղթանակները, Վինուսը լքեց պայքարը
Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ ու մրցաշարի գործող հաղթող Նովակ Ջոկովիչը 4 սեթում հաղթեց ամերիկացի Ֆրանսիս Տիաֆոյին՝ 6:3, 6:7, 7:6, 6:3: Թենիսիստները կորտում անցկացրին 3 ժամ 34 րոպե:
Ջոկովիչը դարձավ 26 էյսի հեղինակ, իսկ Տիաֆոն՝ 23:
Երրորդ շրջանում սերբ թենիսիստն ուժերը կչափի կամ ամերիկացի Ռիլի Օպելկայի, կամ Թեյլոր Ֆրիտցի հետ:
Կանանց պայքարում երկրորդ հաղթանակը տարավ աշխարհի նախկին առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը: 39-ամյա ամերիկացի թենիսիստուհին 6:3, 6:0 հաշվով պարտության մատնեց սերբ Նինա Ստոյանովիչին: Սերենայի հաջորդ մրցակիցը կլինի 19-ամյա ռուս Անաստասիա Պոտապովան:
Սերենայի քույր Վինուս Ուիլյամսը 1:6, 0:6 հաշվով պարտվեց իտալուհի Սարա Էրանիին ու լքեց պայքարը: