Ակնհայտ էր, որ ԵԽԽՎ-ում Նավալնիի հարցն է առաջնահերթություն լինելու, բայց դա իմանալով՝ ռազմագերիների քննարկման հարցը մտցրել ենք օրակարգ. Ռ. Ռուբինյան
Հայկական պատվիրակության նպատակն է եղել ռազմագերիների թեման դարձնել քննարկման թեմա ԵԽԽՎ-ի բոլոր հնարավոր մակարդակներում, և կարծում եմ՝ մեզ դա հաջողվել է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԽԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը` պատասխանելով Tert.am-ի հարցին, թե որքանո՞վ է արդյունավետ համարում իրենց աշխատանքը ԵԽԽՎ-ում, եթե Նավալնիի հարցը ընդգրկվում է օրակարգում, իսկ ռազմագերիների վերադարձը՝ ոչ։
«Ի սկզբանե ակնհայտ էր, որ Նավալնիի հարցն է առաջնահերթություն լինելու պատվիրակությունների մեծամասնության համար, և նույնիսկ դա իմանալով՝ հայ ռազմագերիների քննարկման հարցը մտցրել ենք օրակարգ` որպես ևս մեկ միջոց, նույնիսկ մերժման դեպքում հարցը քննարկման առարկա դարձնելու վերաբերյալ»,-ասաց նա:
Անդրադառնալով մեկ այլ լրագրողի հարցի, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը պնդում է, որ ԵԽԽՎ աշխատանքները Ռուբեն Ռուբինյանը տապալել է, և եթե ԼՀԿ-ն չլինի, շոշափելի արդյունքներ չեն լինի, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց` հարցրեք պարոն Մարուքյանին:
Ասուլիսին միացած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիք ունի, և պատվիրակության որևէ անդամի կատարած աշխատանքը որևէ մեկը չի կարող թերագնահատել, նվաստացնել: «Մենք երբեք այն ժամանակվա ընդդիմության պես չենք պահել մեզ, ես կարծում եմ, որ թիմային աշխատանք է կատարվում, բոլոր քայլերն էլ նախապես քննարկել ենք»,-ասաց նա:
«Ես էլ հավելեմ, որ համաձայն եմ պարոն Մարուքյանի հետ»,-ավելացրեց Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբեն Ռուբինյանը հայտրարեց, որ Հայաստանը շարոււնակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը: Նա նշեց, որ ԵՄ-ի ներկայացուցիչը նույնպես հայտարարություն է արել` կոչ անելով վերադարձնել ռազմագերիներին, իսկ ընդհանրապես Եվրոպան շատ բազմերանգ է:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորները մասնակցում էին ԵԽԽՎ հերթական նստաշրջանին, որտեղ նրանք հանդես եկան Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին զեկույցներով։