Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ դատարկ սառնարան էին բերել խորհրդարանի շենքի մոտ. որի վրա գրված էր. «Ժողովուրդը սովամահ է լինում»
Վրաստանում քաղաքացիական ակտիվիստներն երեկ ցույց են իրականացրել երկրի խորհրդարանի մոտ, ուր դատարկ սառնարան են բերել, որի վրա գրված էր. «Ժողովուրդը սովամահ է լինում»:
Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, Ռուսթավելի պողոտայում կազմակերպված բողոքի ակցիան իրականացրել է «Միասնական երիտասարդությունը Վրաստանի համար» շարժումը: Մոտ հարյուր մարդ է դուրս եկել բողոքելու երկրում գործող սահմանափակումների դեմ՝ պահանջելով վերացնել դրանք:
«Սառնարանը կորցրել է իր գործառույթը, և այդպես գրեթե յուրաքանչյուր ընտանիքում: Այդ իսկ պատճառով իմ խնդրանքն ու կոչն է բացել տնտեսությունը: Նրանք ժամանակ ունեն մինչև փետրվարի 1-ը»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշվում է, որ նույն պահանջով ևս մեկ բողոքի ակցիա է տեղի ունեցել Ազատության հրապարակում:
Ակտիվիստներն ու ընդդիմադիր գործիչները բողոքի ակցիա են անցկացրել նաև Քութայիսում: Ցուցարարները պահանջում էին վերացնել սահմանափակումներն այն ոլորտներում, որոնց աշխատանքն անմիջական կապ ունի տնտեսության զարգացման հետ:
Նշենք, որ Վրաստանում սահմանափակումներ են սահմանվել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Համավարակի ողջ ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 258 111 մարդ, որից 3178-ը մահացել է: