Եթե պատերազմի ելքի պատճառով որևէ ոստիկան ազատման դիմում կգրի, ապա, կարծում եմ՝ նա ոստիկանությունում իրավունք չուներ լինելու. Արա Ֆիդանյան
Կառավարական առանձնատուն ներխուժելու և իրեր վերցնելու դեպքի հետ կապված՝ հարուցված է քրեական գործ, և կարծում եմ, որ նախաքննություն իրականացնող մարմինը կներկայացնի գործի հանգամանքները և մանրամասները: Այս մասին կառավարության անդամների ճեպազրուցի ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը՝ խոսելով Կառավարության առանձնատնից իրերի առևանգման մասին, սակայն վերջինս չպատասխանեց, թե ինչու ավելի վաղ չի ներկայացվել, որ առանձնատնից գողացվել են նաև անձնագրեր:
Անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի այն հայտարարության մասին, թե պատրաստ են կառավարական շենքեր գրավել, ոստիկանապետի տեղակալը նշեց, որ մշտապես ապահովում են կարևոր կառույցների և հասարակության անվտանգությունը:
Տարածվող այն խոսակցությանը, թե ադրբեջանցիներին հայկական անձնագրեր են տրվում՝ Ֆիդանյանը արձագանքեց, որ նման հաստատված դեպք չի եղել: «Ուսումնասիրություններ, բնականաբար, կատարվում են, բայց մեզ գեթ մեկ օրինակ, մեկ նշում չի տրամադրվել, որպեսզի մենք քննության համար ավելին անենք»:
Ֆիդանյանը, խոսելով պատերազմից հետո ոստիկանության ծառայողների դիմում գրելու և աշխատանքից ազատվելու մասին, նշեց. «Եթե պատերազմի արդյունքի հետևանքով որևէ ոստիկան ազատման դիմում կգրի, ապա, կարծում եմ, նա ոստիկանությունում իրավունք չուներ լինելու»:
Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ ճնշումների արդյունքում են աշխատանքից ազատվում, ոստիկանապետը պատասխանեց, որ այս պահին դեռ որևէ մեկն այդ մասին չի բարձրաձայնել: