YouTube-ն անորոշ ժամանակով երկարաձգել է Թրամփի օգտահաշվի արգելափակումը
YouTube-ը նախօրեին անորոշ ժամանակով երկարացրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշվի արգելափակումը, հաղորդում է Politico թերթը:
Առաջին անգամ Թրամփի օգտահաշիվը մեկ շաբաթով արգելափակվել էր հունվարի 13-ին։ Այդ ժամանակ ընկերությունը հայտարարել էր, որ Թրամփի վերջին տեսանյութը «բռնություն է հրահրել, ուստի որոշում է կայացվել հեռացնել այն»։
«Բռնության պահպանվող հնարավորության մտավախությունների պատճառով Դոնալդ Թրամփի յութուբյան ալիքն արգելափակվել է»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։
Յութուբյան օգտահաշվի ժամանակավոր արգելափակումը նշանակում է, որ նախկինում ներբեռնված տեսանյութերը հասանելի կլինեն, սակայն օգտատերը չի կարողանա հրապարակել նորերը:
Facebook-ը, Instagram-ը, Twitter-ը և Twitch-ը հունվարի 6-ին Թրամփի աջակիցների կողմից Կոնգրեսի շենքում անկարգություններից հետո արգելափակել են վերջինիս օգտահաշիվները: