Հույն գիտնականները Լեսբոս կղզում 20 միլիոն տարեկան հազվագյուտ քարացած ծառ են հայտնաբերել
Հույն գիտնականները Լեսբոս կղզում հայտնաբերել են հազվագյուտ քարացած ծառ, որի ճյուղերն ու արմատները 20 միլիոն տարի անց անձեռնմխելի են մնացել, հայտնում է Reuters-ը:
Ծառը հայտնաբերվել է հինավուրց անտառի մոտակայքում ճանապարհային աշխատանքների ժամանակ, միլիոնավոր տարիներ առաջ քարացած ծառն այս վայրից տեղափոխվել է հատուկ տեխնիկայի միջոցով։
«1995-ից պեղումների սկսվելուց ի վեր առաջին անգամ է ծառը հայտնաբերվում այդպիսի լավ վիճակում՝ ճյուղերի եւ արմատների հետ միասին»,- ասել է Լեսբոսի Քարացած անտառի բնական պատմության թանգարանի պրոֆեսոր Նիկոս Զուրոսը: «Սա հազվագյուտ գտածո է»,- ասել է նա: «Այն պահպանվել է գերազանց վիճակում, եւ քարացած փայտը ուսումնասիրելով՝ մենք կկարողանանք որոշել բույսի տեսակը»:
Լեսբոսի 15 000 հա քարացած անտառը, որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո, 20 միլիոն տարի առաջ հրաբխի ժայթքման արդյունք է:
Մոտ 19 մետր երկարությամբ քարացած ծառն ընկնելուց հետո պահպանվել է հրաբխային մոխրի հաստ շերտի տակ: Նույն տեղում հայտնաբերվել են մեծ քանակությամբ պտղատու ծառերի տերեւներ:
«Պեղումների ժամանակ հայտնաբերվել են 17-20 միլիոն տարի առաջ Լեսբոսում գոյություն ունեցած տարբեր անտառներ, եւ մենք կարող ենք վերականգնել այն էկոհամակարգը, որն այդ ժամանակ գոյություն է ունեցել»,- ասել է Զուրոսը: