COVID-19-ի դեմ պայքարում Կառավարության գործողությունների ուսումնասիրման ԱԺ հանձնաժողովը նախագահ և փոխնախագահ է ընտրել
Հայաստանի Կառավարության և պարետատան ձեռնարկած՝ նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տարածմանը հակազդելու և կանխելու, դրա դեմ պայքարի, համաճարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու համար միջոցառումների արդյունավետության ուսումնասիրման, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետության և օրինականության հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի անդամները այսօր՝ հունվարի 25-ին ընտրեցին նախագահ և փոխնախագահ:
Հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ առանց որեւէ դժվարության, իսկ նախագահ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Հանձնաժողովի նիստերն անցկացվելու են ամեն երեքշաբթի 11:00-ին, բայց խորհրդարանական քառօրյան ավարտվելուց հետո հաջորդ շաբաթվա մեջ: «Աշխատանքային խմբեր չեն ձեւավորվելու, քանի որ մեզ չհաջողվեց որեւէ համաձայնության եւ ընդհանուր հայտարարի գալ»,- հավելեց Խաչատրյանը:
Քննիչ հանձնաժողովի առաջին նիստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ մենք մինչ օրս չենք ստացել շատ հարցերի պատասխաններ: Օրինակ՝ մեծ թվով հարցեր են մնացել, որոնք կապված են կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման շրջանում Կառավարության եւ պարետատան գործունեության հետ:
Օրինակ, նրա խոսքով, մինչեւ հիմա պարզ չէ՝ ինչի վրա են ծախսվել COVID-19-ի դեմ պայքարի ֆոնդին հատկացված միջոցները: «Մենք մինչեւ հիմա չգիտնք, թե ինչու «շտապօգնության» մեքենաները չեն արձագանքել քաղաքացիների կանչերին, ինչու էին նրանք մահանում իրենց տներում, ինչու է առողջապահության նախկին նախարարն իր համար ստեղծել սիրելի բուժհաստատությունների ցուցակ, որոնք էլ հենց ստացել են COVID-19-ի մասով պետպատվերները»,- շեշտեց պատգամավորը:
Այսինքն, ինչպես նշեց Զոհրաբյանը, հանձնաժողովը քննարկումների համար բավականին մեծ օրակարգ ունի, որ վերջապես հասկանանք, թե իշխանություններն ինչու են վարվել այսպես, այլ ոչ այլ կերպ, ինչ բացթողումներ են նրանք ունեցել, ինչի պատճառով Հայաստանը COVID-19-ի զոհերի եւ վարակվածների թվով շարունակում է մնալ առաջատար երկրների ցանկում: