Օրակարգում կա նման հարց, սակայն դեռևս քննարկման փուլում է. Լիլիթ Մակունցը՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու լուրերի մասին. «Ազատություն»
Օրակարգում կա նման հարց, սակայն դեռևս քննարկման փուլում է, վերջնական, երբ հստակեցում լինի, այդ ժամանակ հանրային հրապարակում նույնպես կլինի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով իրեն ԱՄՆ-ում դեսպան նշանակելու մասին մամուլում շրջանառվող լուրերին:
Հրայր Թամրազյանի դիտարկմանը, թե Մակունցը հրաշալի տիրապետում է անգլերենին, սակայն արդյոք ունի դիվանագիտական համապատասխան փորձ նման պաշտոն զբաղեցնելու համար, Մակունցը պատասխանել է, որ քաղաքական նշանակման համար որևէ սահմանափակում չկա:
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում դեսպան նշանակվում են դիվանագիտական նշանակումով և քաղաքական նշանակումով: Քաղաքական նշանակման համար որևէ սահմանափակում չկա, ինչ վերաբերում է իմ փորձին, կարծում եմ այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, փորձը չափազանց կարեևոր է, սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի»,- ասել է նա:
Ավելի վաղ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում գրառում է կատարել՝ հայտնելով, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շուտով Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվելու: