Գերմանիայում մի քանի մարդ է ձերբակալվել սիրիական «Թահրիր ալ-Շամ» խմբավորման օգտին ֆինանսական հանգանակություն կազմակերպելու համար
Գերմանիայի ոստիկանությունը մի քանի մարդու է ձերբակալել` Սիրիայում Թուրքիայի միջոցով ահաբեկչություն պլանավորող եվրոպական ցանցի հետաքննության շրջանակներում: Այս մասին հայտնում է ahvalnews.com-ը` հղում անելով գերմանական Deutsche Welle-ին:
Կասկածյալ Էրման Կ.-ն մեղադրվում է իր հիմնադրած կայքի միջոցով սիրիական «Թահրիր ալ-Շամ» զինյալ խմբավորման օգտին Եվրոպայում ֆինանսական հանգանակություն կազմակերպելու համար:
Ձերբակալությունը տեղի է ունեցել անցյալ շաբաթ, տվյալ անձից բացի բերման են ենթարկվել ևս մի քանի կասկածյալներ, որոնցից Օնդեր Ա.-ն ենթադրաբար թուրքական ծագում ունի:
Ենթադրվում է, որ Էրման Կ.-ն անմիջական կապի մեջ է եղել «Թահրիր ալ-Շամ» խմբավորման հետ 2020 թվականի ապրիլին և մայիսին, մինչդեռ Օնդեր Ա.-ն մեղադրվում է խմբին աջակցելու նպատակով Թուրքիա մեկնելու համար:
Խմբավորումը կազմավորվել է 2017 թվականին և մի շարք երկրների կողմից, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը և Թուրքիան, ճանաչվել է ահաբեկչական կառույց:
Ռուսաստանը նախկինում մեղադրել է Թուրքիային` Սիրիայում իր ազդեցությունը մեծացնելու նպատակով վերոնշյալ խմբավորմանն աջակցելու համար: