Նիկոլայ Միրզոյանը կյանքի գնով փրկել է զինվոր որդուն և նրա ծառայակից ընկերներին (տեսանյութ)
Ցավի մասին խոսելը նույնն է, ինչ վերքի վրա աղ լցնելը: Տիկին Ամալյան վերջին 20 տարում ընտանիքով ապրում էր Քարվաճառի Նոր Բրաջուր գյուղում․ կորցրել է իրենց 3 տունը, իսկ 19-ամյա նորակոչիկ թոռը գլխից վիրավորվելուց հետո գտնվում է վերականգնողական կենտրոնում. բժիշկները պայքարում են, որ սթրեսը հաղթահարի:
Tert.am–ի հետ զրույցում Նիկոլայ Միրզոյանի մայրը՝ Ամալյա Միրզոյանը, պատմեց, որ թոռը՝ Արազը, հոր հետ պաշտպանել է Արցախի հողը։ Տեսելով, որ հայրը ընկել է՝ փորձել է իջեցնել խրամատից՝ առանց իմանալու, որ Նիկոլայն էլ չկա։
«Երեխեն ահագին իրեն օգնել է, իջեցրել է, որ բերի։ «Նիվա» մակնիշի մեքենա ենք ունեցել, չի կարողացել մեքենայի մոտ հասցնի՝ կրակը թափվել է. հորը թողել է կես ճամփին։ Վազելով գնացել է՝ մեքենան բերելու, չեն թողել, որ նորից բարձրանա դիրքեր։ Արազին ստել են, թե հորն արդեն տեղափոխել են, այլապես նրա վերադարձը դիրքեր անդառնալի կլիներ»,–պատմում է Ամալյա Միրզոյանը։
Վերջինս նաև հավելում է՝ որդին՝ Նիկոլայը, նկատելով, որ արկն իրենց ուղղությամբ է գալիս, պառկել է ժամկետայինների վրա։ Բեկորը մտել է ուղիղ սրտի մեջ. կյանքի գնով փրկել է իր որդուն ու նրա ծառայակից 9 ընկերներին:
Նիկոլայը զոհվել է հրադադարի համաձայնագրի կնքումից 2 օր առաջ, 40 օր անհետ կորածների ցանկում է եղել։ Նա սպորտով էր զբաղվում, արցախցի դպրոցականներին էր մարզում: Նույն հոգատարությամբ եղել է զինվորների կողքին. նրան Օմարի արծիվ են կոչել տղաները:
«Երբ հայրիկը 44 օր արդեն չկար, մենք փնտրում էինք։ Այդ ժամանակ ապրելու իմաստ էինք փնտրում։ Շատ դժվար էր։ Իր ասածները միշտ հիշում եմ, որ առաջին տեղում կրթությունն է»,–պատմում է Նիկոլայի դուստրը՝ Արաքսը։
44-ամյա Նիկոլայն ուներ 4 զավակ: Կինը՝ Լիլյա Միրզոյանը, ասում է՝ եթե իրենց տունը լիներ, գոնե դրա հետ կապված հուշերը կսփոփեին իրեն: Ամուսինը այգի էր կառուցել, մշակում էր, բայց պատերազմն իրենցից խլել է գրեթե ամեն ինչ․ «Ասում էր՝ չենք կարող առանց իրար ապրենք ու հիմա ապրում ենք, չգիտեմ՝ ոնց եմ ապրում։ Մտածում եմ՝ մարդը որքան ուժեղ է»:
Նիկոլայն աշխատում էր Չոփուրլուի հիդրոէլեկտրակայանում: Պատերազմի առաջին օրը արկի առաջին հարվածը հասել է հենց իր աշխատավայր. հենց այդ պահից հերթափոխի մեջ գտնվող պահեստազորայինն անմիջապես անցել է հայրենիքի պաշտպանության նվիրական գործին:
Մանրամասները՝ տեսանյութում։