Թրամփը և Փենսը պայմանավորվել են շարունակել աշխատել մինչև իրենց պաշտոնավարման ավարտը՝ ի շահ ԱՄՆ-ի․ NBC
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգություններից հետո երկուշաբթի երեկոյան հանդիպել են Սպիտակ տան Օվալաձև սենյակում՝ պայմանավորվելով ի շահ երկրի շարունակել աշխատել մինչև իրենց պաշտոնավարման ավարտը։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին։
«Նրանք հաստատել են, որ այն մարդիկ, որոնք խախտել են օրենքը և գրոհել Կապիտոլիումը, չեն ներկայացնում «Ամերիկան ամեն ինչից վեր է» (America First) շարժումը, որը վայելում է 75 մլն ամերիկացիների աջակցությունը»,- ասել է հեռուստաալիքի աղբյուրը։
Ավելի վաղ NBC-ն նաև հաղորդել էր, որ Փենսը պատրաստվում է մասնակցել նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը։
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են:
Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել: