Խաղաղ կյանքի հնարավորինս արագ վերականգնումը. ՌԴ ԱԻ նախարարը նշել է ԼՂ-ում մարդասիրական գործողության հիմնական նպատակը
Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գործողության հիմնական նպատակը խաղաղ կյանքի հնարավորինս շուտ վերականգնումն է: Այս մասին հայտարարել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը` Հայասատան և Ադրբեջան կատարած աշխատանքային այցերի ընթացքում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ընթացիկ մարդասիրական գործողության հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղ կյանքի հնարավորինս շուտ վերականգնումն է: Մեզ համար շատ կարևոր է ունենալ համապատասխան և հավաստի տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղի իրական կարիքների մասին, որպեսզի նվազագույնի հասցվեն բնակչության համար հնարավոր բացասական հետևանքները: Իր հերթին, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ներառվում է Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքի վիճակով և դրա կարիքների գնահատմամբ զբաղվող աշխատանքային խմբերի կազմում»,-մեջբերում է Զինիչևի խոսքերը ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հստակեցվում է, որ Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարը հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի և արտակարգ իրավիճակների նախարար Քամալադդին Հեյդարովի, իսկ Հայաստանում ՝ Նիկոլ Փաշինյանի և արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ:
«Հանդիպումների ընթացքում կողմերը նշել են, որ գերատեսչությունների միջև աշխատանքը հիմնված է երկրների կառավարությունների միջև արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում երկկողմ համաձայնությունների վրա»,-հավելվում է հաղորդագրության մեջ:
Զինիչևը նաև նշել է, որ մինչ օրս ավտոմոբիլային ճանապարհով շուրջ 300 տոննա հումանիտար բեռ է հասցվել Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև ուղարկվել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մարդասիրական ականազերծման ջոկատը: Բացի այդ, ավարտվել է երկաթուղային ճանապարհով գրեթե 1200 տոննա մարդասիրական բեռի առաքումը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։