«Ահա թե ինչպես ենք մենք վրեժ լուծում՝ գլուխները կտրելով». The Guardian-ը ներկայացրել է ԼՂ-ում ադրբեջանցիների կողմից 2 խաղաղ բնակչի դաժան սպանության մանրամասները
Հեղինակավոր The Guardian պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանիցիների կողմից երկու խաղաղ բնակիչների՝ 69-ամյա Գենադի Պետրոսյանի և 82-ամյա Յուրի Ասրյանի դաժան սպանություններին՝ ներկայացնելով կատարվածի մանրամասները։
Ինչպես նշում է պարբերականը, սպանված էթնիկ հայերը խաղաղ բնակիչներ են եղել։ Երկուսն էլ գլխատվել են Ադրբեջանի զինված ուժերի համազգեստով անձանց կողմից։ Սպանությունների կարճ, սարսափելի տեսագրությունները պատկերում են դաժան վերաբերմունք և խոշտանգումներ, որոնք շարունակում են համացանցերում հայտնվել Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի ուժի մեջ մտնելուց նույնիսկ ավելի քան մեկ ամիս անց։
Նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 3-ին համացանցում տեղադրված տեսանյութերում ադրբեջանցի զինվորականների համազգեստով անձինք գլխատում են 69-ամյա մի հայ տղամարդուն, այնուհետև կտրված գլուխը դնում են մահացած կենդանու վրա, գրում է The Guardian-ը՝ նշելով, որ կադրից դուրս ձայնն ասում է․ «Ահա թե ինչպես ենք մենք վրեժ լուծում՝ գլուխները կտրելով»։
Պարբերականը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի Մադաթաշեն գյուղի երկու բնակիչներ ճանաչել են սպանված 69-ամյա Գենադի Պետրոսյանին, որը 1980-ականների վերջին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից էր տեղափոխվել գյուղ:
Գենադի Պետրոսյանը, որը միայնակ էր ապրում, չի ցանկացել լքել գյուղը։ Երբ հարևանը փորձել է նրան դուրս բերել, նա դուրս է եկել մեքենայից և ոտքով տուն գնացել։
Գյուղապետ Էդուարդ Հայրապետյանը պարբերականին հայտնել է, որ Պետրոսյանին ճանաչել է ավելի քան երեք տասնամյակ և նրան համարել է իր ընտանիքի մտերիմ ընկերը: Վերջին անգամ Պետրոսյանը նրան զանգահարել է հոկտեմբերի 28-ի առավոտյան և հայտնել, որ գյուղում թշնամու զորքեր է տեսել։
Պարբերականը մեջբերել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի՝ միջազգային հանրությանն ուղղած կոչը՝ ակտիվացնել հակամարտության ընթացքում ռազմական հանցագործությունների հետաքննության ջանքերը:
«Արևմտյան երկրները լռել են և գործնական քայլեր չեն ձեռնարկել։ Նրանք ունեն պարտականություններ և լծակներ այդ մասին խոսելու համար։ Մենք որևէ արդյունք չենք տեսնում, նրանցից որևէ գործընթաց չենք տեսնում»,- ասել է Բեգլարյանը։
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հետաքննել գլխատման և դիակների պղծման տեսագրությունները:
Անդրադառնալով ադրբեջանական վայրագության մյուս ապացույցին՝ պարբերականը նշում է, որ դեկտեմբերի 7-ին Telegram-ալիքում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականների համազգեստով երկու անձինք ծառին սեղմում տարեց տղամարդուն և դանակով կտրում նրա վիզը։
Հադրութի Ազոխ գյուղի երեք բնակիչները այդ տեսագրության մեջ ճանաչել են 82-ամյա Յուրի Ասրյանին, որը հոկտեմբերի 20-ին նույնպես հրաժարվել է լքել գյուղը։
Ասրյանի ճակատագրի մասին շաբաթներ շարունակ լուրեր չեն եղել և միայն անցյալ շաբաթ սոցիալական ցանցերում հայտնվել է 29 վայրկյանանոց տեսանյութ, որում պատկերված է նրա սպանության արյունալի կադրերը, հավելում է պարբերականը։